Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 29-ին զանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Աղդամ-Ստեփանակերտ եւ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը։

Ալիեւը Մակրոնին ասել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո կարող է օգտագործվել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի մաքսային եւ սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ։

Ալիեւը բողոքել է Մակրոնին, որ Հայաստանն ու Արցախը հրաժարվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բեռների տեղափոխման վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունից։ «Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը, առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու, պետական սահմանի ուղղությամբ, ինչպես ինքն է պնդում, հումանիտար նշանակության բեռներ է հասցրել, որի նպատակը քաղաքական շահարկումն է»,-ասել է նա։

Ալիեւը հավելել է, որ Ադրբեջանը «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու եւ Ադրբեջանի այլ քաղաքներ՝ վերաինտեգրման հարցերը քննարկելու համար, սակայն նրանք հրաժարվել են նաեւ դրանից՝ նպատակադրված ձգտելով իրավիճակը ներկայացնել իբրեւ թե որպես հումանիտար լարվածության բնույթ կրող»։