Իրավիճակը շատ ծանր է, ուզում ենք Հայաստանի և Արցախի մեր ընկերներին ասել, որ իրենք մենակ չեն։ Մենք այստեղ ենք դա ցույց տալու։ Այս մասին օգոստոսի 30-ին Արցախի նախագահի հետ առցանց ռեժիմով անցկացված համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Քսավյե Բերտրանը։
«Մենք պատրաստ ենք բարձրացնել ձեր ձայնը և պաշտպանել ձեզ։ Խոսքից բացի, մենք ակտիվացրել ենք մեր համագործակցությունը։ Շատ կոնկրետ գործողություններ կձեռնարկվեն»,- ասաց նա։
Քսավյե Բերտրանը նաև կոչ է արել Ֆրանսիայի նախագահին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախի ժողովրդի շահերից բխող բանաձեւ ընդունելու համար։
Ֆրանսիայի օգնությունն Արցախին և ֆրանսիական շրջանների ղեկավարների այցը, նրա խոսքով, նաև որպես ազդանշան է ուղարկվում միջազգային հանրությանը։
«Շատերը չգիտեն, որ Ադրբեջանը թույլ չի տալիս արցախահայությանն ազատ ապրել, որ նորածինները բավարար սնունդ չունեն, որ էներգառեսուրսների հասանելիությունը խիստ սահմանափակ է։ Մարդիկ այս ամենից զրկված են միջազգային իրավունքը անտեսող Ադրբեջանի պատճառով։ Այդ իսկ պատճառով մենք մարդասիրական շարասյուն ենք կազմակերպել, շեշտում եմ մարդասիրական շարասյուն, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել։ Եվ մեզ թույլ չտվեցին դա անել: Մենք դա դատապարտում ենք»,- ասաց նա։
Ֆրանսիայի շրջանի ղեկավարը պարզաբանել է, որ օգնության մի մասը կբաշխվի արցախցի փախստականներին, իսկ մյուս մասը պարապ կմնա՝ սպասելով Արցախում ճանապարհի բացմանը։
«Մենք խրախուսում ենք մյուսներին դիմել նույն քայլերին, որպեսզի միջազգային հանրությունը արթնանա: Այստեղ ողբերգություն է տեղի ունենում, և մենք բոլորս աջակցում ենք Արցախին և Հայաստանին։
Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը վերածել բանտի կամ նույնիսկ վանդակի և այնտեղից վտարել բնակիչներին։ Մենք սա չենք ուզում: Մենք ցանկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այնտեղ ազատ ապրի։
Արդյո՞ք պետք է ևս մի քիչ սպասել, որ բժշկական օգնության բացակայության և սննդի պակասի դեպքում զոհեր լինեն, որպեսզի միջազգային հանրությունն արթնանա: Այս ողբերգությունից կարելի է խուսափել, և այս ողբերգությանը նորերը ավելացնելուց կարելի է խուսափել: Միջազգային հանրությունը պետք է հիշի, թե ինչ է տեղի ունեցել անցյալ դարում»,- եզրափակեց նա։





























