ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականների միջազգային խումբն առաջարկել է անվստահելի լուրերից և մանիպուլյացիաներից հոգեբանական պաշտպանության մեթոդ: Նրանք այդ մեթոդն անվանել են «պատվաստում», որն իմունիտետ է ստեղծում ապատեղեկատվության հանդեպ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Medical Internet Research ամսագրում:
Մեթոդաբանությունը հիմնված է նախնական ապատեղեկատվության տեսության վրա, ըստ որի՝ անվստահելի տվյալներին և դրանց բացահայտմանը ծանոթանալը թույլ է տալիս ապագայում դիմադրություն զարգացնել նման խաբեության փորձերին։ Որպեսզի կեղծիքների դեմ «պատվաստանյութը» սկսի գործել, մարդը պետք է վերլուծի տեղեկատվական մանիպուլյացիաների մի շարք օրինակներ։
Թիմը վերլուծել է ավելի քան 40 000 մարդու մասնակցությամբ 42 փորձարկման արդյունքները։ Հոգեբանները եկել են այն եզրակացության, որ նախկինում ապատեղեկատվության ենթարկված մարդիկ ավելի լավ են ճանաչել խաբեությունը և հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու փորձերը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի գրառումներում: Տարբեր հետազոտական խմբեր նույնանման արդյունքների են հասել, որոնք հնարավորություն են տվել ընդհանրացնել իրենց թեստերի ցուցմունքները։





























