Նևադայի իշխանությունները հետաքննում են տղամարդու մահը Burning Man երաժշտական ​​և արվեստի փառատոնում, որտեղ հազարավոր մասնակիցներ շաբաթ գիշերը մնացել են առանց հոսանքի՝ Նևադայի անապատում փոթորիկների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, հայտնում է The Associated Press-ը։

Կազմակերպիչները փակել են  փառատոնի համար նախատեսված ավտոմեքենաների հասանելիությունը, և մասնակիցները ստիպված են եղել  ցեխի միջով անցնել, շատերը ոտաբոբիկ կամ պոլիէթիլենային տոպրակները ոտքերին: Մասնակիցներին հորդորել են ապաստանել տեղում և խնայել սնունդ, ջուր և այլ պաշարներ:

Փերշինգ շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ մահը տեղի է ունեցել միջոցառման ժամանակ, սակայն մանրամասներ չի հայտնել, քանի որ հետաքննությունը շարունակվում է: Ըստ KNSD-TV-ի, անհայտ է նաև մահացածի ինքնությունը կամ մահվան ենթադրյալ պատճառը:

Մեքենաների համար դարպասները չեն բացվի մինչև միջոցառման ավարտը, որը սկսվել է օգոստոսի 27-ին և պետք է ավարտվի երկուշաբթի օրը, տեղեկացնում է  ԱՄՆ հողաշինարարության  բյուրոն, որը վերահսկում է Black Rock անապատը, որտեղ անցկացվում է փառատոնը:

 Ուրբաթ օրը փառատոնի վայրում, որը գտնվում է Ռինոյից 177 կիլոմետր դեպի հյուսիս, ավելի քան կես դյույմ անձրև է տեղացել, հայտնել է Ռինոյի ազգային օդերևութաբանական ծառայությունը: Կիրակի օրը առնվազն քառորդ դյույմ ավելի շատ անձրև է սպասվում։

Իշխանությունները դեռ չեն հայտնել, թե երբ է նախատեսվում մուտքի բացումը, և դեռ հայտնի չէ, թե մասնակիցները երբ կկարողանան լքել տարածքը:

Հայտարարությունները հնչել են ամենամյա միջոցառման գագաթնակետից անմիջապես առաջ, երբ շաբաթ երեկոյան պետք է այրվեր մեծ փայտե խրտվիլակը: