Հունաստանի արտգործնախարար Գեորգի Հերապետրիտիսը երեքշաբթի կմեկնի Անկարա՝ հանդիպելու իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, գրում է Kathimerini-ն։

Նպատակը երկուսն է. ավարտին հասցնել օրակարգը, որի շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կբանակցեն սեպտեմբերի 18-ից 20-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան հանդիպման ժամանակ, և աջակցել երկկողմանի որոշ սուր հարցերի լուծմանն ուղղված ջանքերին: 

«Հայտնի է, որ Հունաստանը կցանկանար, որ երկու երկրներն էլ համաձայնեն դիմել Միջազգային դատարան՝ իրենց մայրցամաքային ափի և ծովային իրավասությունների սահմանազատման վերաբերյալ որոշում կայացնելու միջնորդությամբ: Բայց պարզ է, որ նման գործընթացը արագ չի լինի, և որ նախ պետք է լուծվեն այլ վեճեր, ինչպիսիք են ծովային և օդային վեճերը»,- գրում է հունական լրատվամիջոցը։