Նյու Դելիի իշխանությունները կարգադրել են սեպտեմբերի 8-10-ը դադարեցնել ապրանքների եւ մթերքների առաքման ծառայությունների եւ սպասարկումների աշխատանքը՝ կապված «Մեծ քսանյակի» (G20) գագաթաժողովի նախապատրաստման եւ անցկացման հետ։ Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Հնդկաստանի մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Սուրենդրա Սինգհ Յադավը, կթույլատրվի միայն դեղամիջոցների առաքումը։
«Մենք չենք կարող թույլ տալ սննդի առաքման ռեստորանների աշխատանքը։ Ինտերնետով աշխատող առաքման այնպիսի ընկերությունները, ինչպիսին են Amazon-ը եւ Flipkart-ը, եւս չեն կարողանա աշխատել վերահսկվող գոտում»,- Յադավին մեջբերել է Press Trust of India տեղեկատվական գործակալությունը։
«Սակայն փոստային եւ բուժական ծառայությունները, նմուշների հավաքումը լաբորատորիաներում կթույլատրվեն Դելիի ամբողջ տարածքում»,- ավելացրել է ոստիկանության ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է, որ կառավարական հաստատությունները Նյու Դելիի կենտրոնում փակ կլինեն սեպտեմբերի 8-10-ին։





























