Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերի կարծիքով՝ ռուսական գազ գնելը հաճելի չէ բարոյական տեսակետից, բայց անհրաժեշտ է երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համար։ Այս մասին նա ասել է ORF հեռուստաալիքի եթերում։

Պատասխանելով հաղորդավարի՝ ռուսական գազից հրաժարվելու (Ռուսաստանին չաջակցելու նպատակով) անհրաժեշտության մասին հարցին, Նեհամերն ասել է, որ գազը պետք է երկրի էներգետիկ անվտանգության համար։ «Մեր գլխավոր առաջնահերթությունը էներգամատակարարման անվտանգությունն է։ Դրա խախտման դեպքում կխախտվեն համակարգը, արտադրությունը, մարդկանց էներգամատակարարումը։ Մենք առաջին հերթին մտածում ենք էներգամատակարարման անվտանգության ապահովման մասին։  Դա հաճելի չէ բարոյական տեսակետից, բայց դա է իրականությունը։ Եվ իմ, որպես կանցլերի, պարտականությունն է անել դա»,- ասել է Նեհամերը։

2018թ. հունիսին «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ OMV Gas Marketing & Trading GmbH-ի միջեւ ստորագրվել է համաձայնագիր մինչեւ 2040թ. Ավստրիա ռուսական բնական գազի մատակարարման եւ գործող պայմանագիրը երկարացնելու մասին։  OMV ղեկավար Ալֆրեդ Շտերնը ավելի վաղ ասել էր, որ OMV-ն կշարունակի գնել ռուսական գազ ըստ պայմանագրի, քանի որ այն չի ընկնում ԵՄ պատժամիջոցների տակ։

Ավստրիայի կառավարությունը քանիցս հայտարարել է, որ ցանկանում է կրճատել կախվածությունը ռուսական գազից։ Գազատրանսպորտային համակարգերի օպերատորների եվրոպական ցանցի տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսին Ավստրիայի գազի ներմուծման 66 տոկոսը բաժին է ընկել ՌԴ մատակարարումներին։ Փորձագետները նշում են, որ իրական բաժինը կարող է էլ ավելին լինել, քանի որ միշտ չէ, որ հնարավոր է հետեւել ողջ ներմուծվող գազի ծագմանը։

Ուկրաինայով ԵՄ երկրներ ռուսական գազի տարանցման մասին պայմանագրի ժամկետը լրանում է 2024թ. վերջին։ Հուլիսին Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել էր, որ այն հազիվ թե երկարացվի։