Ավստրիայի պետական անվտանգության եւ հետախուզության վարչությունը հանրապետության այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ բացահայտել է 10 իսլամիստից բաղկացած խումբ։ Նրանց կասկածում են «Իսլամական պետություն» (ԻՊ) եւ «Իմարաթ Կավկազ» ահաբեկչական խմբավորումներին անդամակցության մեջ։ Այս մասին նշվել է Ավստրիայի ՆԳՆ մամուլի հաղորդագրությունում, որի կազմի մեջ է մտնում հատուկ ծառայությունը։
«Սահմանադրության պաշտպանության վարչությունը սպառիչ եւ հետեւողական միջոցներ է ձեռնարկում ծայրահեղականության ցանկացած դրսեւորման դեմ պայքարում՝ անկախ դրանց քաղաքական կամ կրոնական ենթատեքստից։ Քննիչները հերթական անգամ ցուցադրել են իրենց նպատակաուղղվածությունը եւ վարպետությունն այդ գործում»,- ասել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Գերհարդ Քարները։
Ինչպես տեղեկացրել են ՆԳՆ-ում, կասկածյալները՝ ինը տղամարդ եւ մեկ կին, 15-23 տարեկան են։ Հուլիսին նրանց ապրած տներում մի շարք խուզարկություններ են իրականացվել, որոնց արդյունքում առգրավվել են բջջային հեռախոսներ, նոութբուքեր եւ ահաբեկչական խմբավորումների քարոզչանյութեր։ Հատուկ ծառայությունները կարծում են, որ իսլամիստներն զբաղվել են կողմնակիցների հավաքագրմամբ եւ քարոզչություն են իրականացրել, ինչպես նաեւ մտադիր են եղել աղոթատուն կառուցել՝ «Թալիբան» շարժման դրոշով։ Նրանք գործել են Լինց քաղաքում (Վերին Ավստրիա դաշնային հող)։
Die Presse պարբերականի տվյալներով՝ կասկածվողների մի մասն ավստրիական քաղաքացիություն ունի։ Մյուսները եկել են Թուրքիայից, Իրաքից, Ռուսաստանից եւ Խորվաթիայից։ Խումբը կասկածվում է նաեւ 19-ամյա պատանուն հանցավոր արարքի դրդելու մեջ, որը մինչ այդ երկու տարվա բանտարկություն էր ստացել ԻՊ-ին աջակցող գրաֆիտիի համար։





























