ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը զարգացած երկրներին կոչ է արել մինչեւ 2025թ. ներկայացնել էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու ֆինանսավորումը երկակի ավելացնելու կոնկրետ պլաններ։

«Մենք պետք է ավելի հավակնոտ խնդիրներ առաջադրենք կլիմայի ոլորտում, որպեսզի երկրներն ակտիվացնեն ջանքերը ջերմաստիճանի աճը սահմանափակելու եւ այդ գործընթացի վրա ազդելու ուղղությամբ,- ասել է նա՝ ելույթ ունենալով Նայրոբիում, Աֆրիկյան կլիմայական գագաթաժողովում։- Արտանետումների գծով առաջատարները պետք է գլխավորեն անցումը [վերականգնվող էներգիային]։ Զարգացած երկրները պետք է պարտավորվեն հասնել զրոյական արտանետումների 2040-ին որքան հնարավոր է մոտ ժամանակաշրջանում, իսկ զարգացողները՝ մինչեւ 2050թ., զարգացած պետությունների աջակցությամբ»։

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ եկել է հանածո վառելիքից հրաժարվելու եւ վերականգնվող էներգիային անցման ժամանակը։ «Մեզ պետք են մինչեւ 2030թ. ածխից հրաժարվելու վստահություն ներշնչող պլաններ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամներից, 2040թ.՝ մնացած երկրներից»,- ասել է Գուտերիշը։ Նա նշել է Ցելսիուսի 1,5 աստիճանով միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացումը պահելու անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ զարգացած երկրները պետք է «հստակ պլաններ ներկայացնեն մինչեւ 2025թ. կլիմայական անցման ոլորտում ներդրումների երկակի ավելացման վերաբերյալ։ Համաձայն նրանց ստանձնած պարտավորությունների՝ նրանք պետք է «զարգացող երկրներին, որպես աջակցություն կլիմայի ոլորտում, տրամադրեն տարեկան 100 մլրդ դոլար եւ ամբողջությամբ ֆինանսավորեն Կլիմայի ֆոնդը»։