ՄԱԿ-ում Չինաստանը եւ Թայվանը միաժամանակ ներկա լինել չեն կարող, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ կղզին կազմակերպությունում ներկա լինելու ոչ մի հիմք չունի։

«ՄԱԿ-ում կարող է միայն մեկ տեղ լինել Չինաստանի ներկայացուցչի համար։ Այսպիսով, որեւէ հիմք չկա ՄԱԿ-ում երկու ներկայացուցիչ ունենալու համար, ինչպես երկու Չինաստաններից, այնպես էլ Չինաստանից եւ Թայվանից»,- պարզաբանել է Մաո Նինը։

Նա ավելացրել է, որ այս հարցը կարգավորվում է ՄԱԿ ԳՎ 2758 բանաձեւով («Չինաստանի Ժողովրդական Հանրապետության օրինական իրավունքների վերականգնումը Միավորված Ազգերի Կազմակերպությունում»)։ Մաո Նինն ընդգծել է, որ փաստաթղթով քաղաքական, իրավաբանական եւ ընթացակարգային տեսակետներից Չինաստանին իրավունք է վերապահվել ներկայացնել ամբողջ երկիրը, ներառյալ Թայվան կղզին։

Թայվանի կարգավիճակի հարցը ամենացավոտներից է Պեկինի համար։ Չնայած աշխարհի պետությունների մեծ մասը «մեկ Չինաստան» քաղաքականության կողմնակիցն է, 1949թ. պատերազմի ավարտից հետո Թայվանը կամ Չինական Հանրապետությունը դե-ֆակտո անկախ պետություն է։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի անքակտելի մասը՝ քննադատելով Թայբեյի հետ յուրաքանչյուր չարտոնված շփում։