Աստվածանարգության մեջ մեղադրվող հինգ մուսուլման Պակիստանում դատապարտվել է մահապատժի, տեղեկացրել է The Express Tribune թերթը։
Չորս մարդ դատապարտվել է կախաղան բարձրացվելու Ռավալպինդի քաղաքի (Փենջաբի նահանգ) օկրուգային դատարանի կողմից, մի մարդ դատապարտվել է մահապատժի Հայբեր-Պահթունհվա նահանգի հակաահաբեկչական դատարանի կողմից։ Մի քանի մարդիկ երկարատեւ բանտարկությունների են դատապարտվել Ղուրանը եւ Մուհամեդ մարգարեին անարգելու համար։
Որպես ապացույց են ընդունվել սոցցանցերում եւ բջջային հեռախոսներում հայտնաբերված տեսանյութերն ու գրառումները։
Դատավճիռները կայացվել են Ֆայսալաբադ քաղաքում (Փենջաբ) քրիստոնեական եկեղեցիների վրա օգոստոսին մուսուլմանների հարձակումների շարունակվող հետաքննության ֆոնին։ Այրվել եւ թալանվել էին ավելի քան 20 եկեղեցիներ (կասկած կար նրանց ծխականների կողմից Ղուրանի անարգման մասին)։ Ոստիկանությունը հավաստիացնում է, որ անկարգություններն «օտարերկրյա դավադրության արդյունք» են՝ Պակիստանում իրադրությունն ապակայունացնելու նպատակով, եւ որ դրանք սադրել են Հնդկաստանի հատուկ ծառայությունները։
Պակիստանցի իրավապաշտպանները հայտարարում են, որ կրոնական փոքրամասնությունների, հատկապես քրիստոնյաների ներկայացուցիչները հաճախ են մեղադրվում աստվածանարգության մեջ։ Վերջին 20 տարում երկրում 774 մուսուլման եւ կրոնական փոքրամասնությունների 760 ներկայացուցիչ մեղադրվել են աստվածանարգության մեջ։ Չնայած Պակիստանի օրենքները նախատեսում են մահապատիժ այդ հանցագործության համար, մինչեւ այժմ նման ոչ մի դատավճիռ ի կատար չի ածվել։ Միեւնույն ժամանակ, 89 մարդ երկրում ենթարկվել է արտադատարանական հաշվեհարդարի Ղուրանն անարգելու համար։





























