Հունգարիան հաստատել է, որ աջակցում է Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալուն։
«Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու մասին որոշումը քաղաքական հարց է, եւ մենք պահանջում ենք Եվրամիությունից այդ քաղաքական պարտավորությունը, որոշումը, որը պետք է ընդունվի աշնանը»,- ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Վրաստանն աշնանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ, քանի որ երկիրը ամեն ինչ արել է դրա համար։
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս համագործակցությանը Կովկասի տարածաշրջանի հետ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ հոկտեմբերի 11-12-ին Թբիլիսիում տեղի է ունենալու համատեղ գագաթաժողով Վրաստանի եւ Հունգարիայի կառավարությունների անդամների մասնակցությամբ։ Գագաթաժողովի շրջանակում կստորագրվի ներդրումային ծրագիր։ Հանդիպման ժամանակ մենք նաեւ քննարկել ենք Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տալու հարցը։ Մենք կարծում ենք, որ Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ աշնանը։ Վրաստանը դրա համար ամեն ինչ արել է»,- ասել է Պետեր Սիյարտոն։
Ընթացիկ տարվա հունիսին տեղեկացվել էր, որ Հունգարիան, գուցե, հավանություն կտա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցություններն սկսելուն, եթե Եվրամիության անդամ երկրները համաձայնեն թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանին։ Այս մասին, հղում կատարելով Բրյուսելում ունեցած աղբյուրին, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոյի լրագրող Ռիկարդ Յոզվյակը՝ հիշեցնելով Բուդապեշտի եւ Թբիլիսիի միջեւ հաստատված սերտ հարաբերությունների մասին։





























