Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հավաստիացրել է, որ Գերմանիայից մեծ հեռահարության Taurus հրթիռներ ստանալու դեպքում Կիեւը դրանք չի օգտագործի իր երկրի «միջազգայնորեն ճանաչված սահմաններից» դուրս։

«Ուկրաինան չի օգտագործի Taurus թեւավոր հրթիռները մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»,- ասել է նախարարը Welt հեռուստաալիքի հարցազրույցում։

«Ես չէի ցանկանա նրա [Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի] վրա ճնշում գործադրել, բայց հույս ունեմ, որ որոշումն արագ կընդունվի, այլ ոչ թե մի քանի ամիս հետո»,- ասել է Կուլեբան՝ անդրադառնալով Կիեւին հրթիռներ տրամադրելու հեռանկարներին։ «Մենք մշտապես բախվում ենք այս թեմային անցած տարվանից»,- ասել է Կուլեբան։ Նա հայտարարել է, որ Taurus-ի մատակարարումների մասին որոշումը կախված է միայն Շոլցից. «Մենք գիտենք, որ դա այժմ կանցլերը դիտարկում է»։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորության հարցին՝ Կուլեբան ասել է, որ «Ուկրաինան իր տարածքի ոչ մի քառակուսի մետր չի տա»։ «Վերջ։ Ոչ մի բանավեճ [այդ հարցով]»,- ասել է նա։ «Երկրորդ. յուրաքանչյուր նոր սահմանազատիչ գիծ, որն ինչպես ասես կարող ես պատկերացնել, եւ ես գիտեմ, որ Ուկրաինայի սահմաններից դուրս կան նման ցանկություններ, չի ավարտի պատերազմը»,- նշել է նախարարը։

Շոլցը բազմիցս ասել է, որ զենքի մատակարարման հարցերի վերաբերյալ բոլոր քայլերը համաձայնեցվում են գործընկերների, այդ թվում օվկիանոսից այն կողմ գտնվողների հետ։ Նա նշել է, որ Գերմանիայի համար նախկինի պես առաջնահերթ է Ուկրաինային հակաօդային պաշտպանության միջոցներով եւ հրետանային զինամթերքներով  ապահովելը։ Կիեւին հրթիռներ մատակարարելուց զգուշանալու՝ Գերմանիայի իշխանությունների հիմնական պատճառն այն է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն դրանցով հարվածներ կհասցնի ՌԴ տարածքի թիրախներին։