Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սա Զուրաբիշվիլու երրորդ հանդիպումն է եվրոպական շրջագայության (որը չի արժանացել կառավարության հավանությանը) շրջանակում։ Նա արդեն բանակցություններ է վարել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացրել է «Эхо Кавказа»-ն։
Հիշեցնենք, որ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը եւ կառավարությունը Զուրաբիշվիլուն մեղադրել են Սահմանադրությունը խախտելու մեջ եւ հայտարարել են նախագահի իմփիչմենթ սկսելու մասին։
«Մենք ողջունում ենք ձեզ Փարիզից, եւ ես շատ ուրախ եմ, որ շատ օգտակար խոսակցություն եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ ԵՄ-ին մեր անդամակցության ապագա թեկնածության մասին»,- ասել է Զուրաբիշվիլին Մակրոնի հետ հանդիպումից հետո։
Ֆրանսիայի նախագահը, իր հերթին, հայտարարել է, որ Զուրաբիշվիլու հետ քննարկել է «ԵՄ-ին անդամակցության թեկնածության, երկրի եւ տարածաշրջանի ապագայի հարցերը»։
«Ես նաեւ ուզում եմ իմ աջակցությունը հայտնել հանուն դեմոկրատիայի, օրենքի գերակայության համարձակ պայքարի եւ այն բանի համար, որը ես համարում եմ վրացի ժողովրդի ապագան՝ հիրավի եվրոպական ուղին։ Հաջողություն եմ մաղթում ձեզ։ Ես կշարունակեմ աջակցել տիկին նախագահին այս ճանապարհին առաջիկա օրերին, ամիսներին եւ տարիներին, ինչը շատ կարեւոր է ձեզ եւ մեզ համար»,- նշել է Մակրոնը։
Ներկայում Եվրահանձնաժողովն ավարտում է աշխատանքը հաշվետվության վրա, որում կգնահատի Վաստանի առաջընթացը ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հանձնարարականների կատարման մասով։ Մինչ այդ՝ 2022թ. հունիսին Եվրամիությունը ընդունել է Վրաստանի եվրոպական հեռանկարը, բայց նրան թեկնածուի կարգավիճակ չի տվել։





























