ԱՍԵԱՆ-ի երկրների ղեկավարները Ջակարտայի 43-րդ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության մեջ կոչ են արել համաշխարհային հանրությանը հրաժարվել միջուկային զենքի կիրառումից, ինչպես նաև հորդորել են տիեզերական ռեսուրսներն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով։
«Մենք հաստատեցինք, որ տիեզերքին հասանելիությունը բոլոր պետությունների անքակտելի իրավունքն է, և որ տիեզերքի օգտագործումը պետք է իրականացվի բացառապես խաղաղ նպատակներով և մարդկության հավաքական բարօրության համար», - փաստաթղթում նշել են Հարավարևելյան Ասիայի ղեկավարները։
Քաղաքական գործիչները նաև մտահոգություն են հայտնել միջուկային զենքի չտարածման մեխանիզմների արդյունավետության նվազման կապակցությամբ և կոչ են արել երկրներին, հատկապես միջուկային խոշոր տերություններին, լիովին կատարել այդ մեխանիզմներով ստանձնած պարտավորությունները:
«Մենք կոչ ենք արել միջուկային զենք ունեցող երկրներին կատարել իրենց պարտավորությունները… և ճանաչել միջուկային զենքի լիակատար վերացման անհրաժեշտությունը, որը միակ միջոցն է՝ երաշխավորելու, որ միջուկային զենքն այլևս երբեք ոչ մի դեպքում չի կիրառվի», պարզաբանել են ԱՍԵԱՆ-ի առաջնորդները։
Նրանք նաև վերահաստատել են Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանը միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման բոլոր այլ զենքերից զերծ գոտի պահպանելու հարցում իրենց հանձնառությունը:





























