ԱՄՆ նախկին նախագահ, 77-ամյա Դոնալդ Թրամփը հավաստիացնում է, որ երկրի ղեկավար Ջո Բայդենը մահանում է եւ չի կարողանա մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու 2024թ.։

«Ջո Բայդենը... Իմ կարծիքով՝ նա մահանում է։ Անձամբ ես նրան չեմ տեսնում նախագահական մրցավազքում»,- ասել է Թրամփն ամերիկյան ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հարցազրույցում։ ԱՄՆ նախկին նախագահը կարծում է, որ Բայդենն ի վիճակի չէ ղեկավարել ամերիկյան կառավարությունը, իսկ նրա փոխարեն դրանով կզբաղվի նրա շրջապատը։ «Երբ ես նայում եմ նրան, տեսնում եմ, որ նրա մարմինը հյուծված է, իսկ բանականությունը՝ առավել եւս։ Եվ այնուամենայնիվ, նա, ըստ երեւույթին, ցանկանում է անել դա [առաջադրվել]»,- ասել է Թրամփը։

Մինչ այդ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Associated Press գործակալության հարցազրույցում ասել էր, որ հիպոթետիկորեն կարող է ստանձնել նախագահական պարտավորությունները՝ հաշվի առնելով Բայդենի տարիքը։ Այնուամենայնիվ, Հարիսը հավաստիացրել է, որ ԱՄՆ նախագահի հետ «ամեն բան կարգին կլինի», իսկ իր դատողությունները կրում եմ «հիպոթետիկ բնույթ»։