Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է կուսակցությունների ղեկավարներին խորհրդարանական բանավեճերի ժամանակ քննարկել այն ռազմավարությունը, որը վարելու է Փարիզն Աֆրիկայում, հատկապես Սահելի գոտում, պետական հեղաշրջումների եւ ֆրանսիական զորակազմի կրճատման ֆոնին, տեղեկացրել է Agence France-Presse-ը։
«Աֆրիկայի վերաբերյալ բանավեճը հնարավորություն է տվել դիտարկել իրավիճակը մի շարք երկրներում, հատկապես Սահելում»,- գործակալությունը մեջբերել է մի հատված նախագահի նամակից։ «Համաձայնեցվել է խորհրդարանական բանակռիվների անցկացումն աշնանը եւ ամեն անգամ, երբ դա պահանջի ընթացիկ իրադրությունը»։
Ֆրանսիան սկսել է աստիճանաբար կրճատել իր ռազմական ներկայությունը աֆրիկյան Սահելում, որտեղ ավելի քան 10 տարի իրականացրել է ահաբեկչության դեմ պայքարի գործողություն՝ Մալիում (2021), Գվինեայում (2021), Բուրկինա Ֆասոյում (2022), Նիգերում (2023) եւ Գաբոնում (2023) պետական հեղաշրջումների շարքից հետո։ Նեոգաղութատիրության մեղադրանքների ֆոնին, որոնք Փարիզի հասցեին հնչում են այդ երկրներում, Մակրոնը հայտնել է, որ կողմնակից է տարածաշրջանի երկրների հետ Ֆրանսիայի սերտ շփումների պահպանմանը, բայց փոխված ձեւաչափով։
Օգոստոսի 28-ին ֆրանսիացի դեսպանների կոնֆերանսի բացման ժամանակ ունեցած ելույթում նա հիշեցրել է ավելի վաղ ընդունված որոշման մասին տարածաշրջանի երկրների հետ անվտանգության ոլորտում համագործակցության վերափոխման վերաբերյալ, այդ թվում ի հաշիվ «Բարհան» գործողությունը Մալիում փակելու եւ սահմանափակ զորակազմն այլ երկրներ տեղափոխելու։ Նա նշել է, որ Ֆրանսիայի կայուն ռազմական ներկայությունն այս կամ այն երկրում «[Ֆրանսիայի] թշնամիների կողմից օգտագործվում է որպես փաստարկ տեղեկատվական պայքարում»։





























