«Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (Պակիստանի թալիբների շարժում) արմատական խմբավորման առնվազն 12 գրոհային է սպանվել պակիստանցի զինծառայողների հետ մարտերում բարձրլեռնային Չիտրալ շրջանում (Հայբեր-Փահթունհվա նահանգ), Աֆղանստանի հետ սահմանին։

Ինչպես տեղեկացրել է The Express Tribune թերթը, մարտերն սկսվել են այն բանից հետո, երբ գրոհայինները զավթել էին երկու գյուղ Պակիստանի սահմանամերձ շրջանում եւ գրոհել ռազմական հենակետերը։ Պակիստանի ՊՆ հանրային կապերի գծով միջգերատեսչական ծառայության տվյալներով՝ ծայրահեղականների բոլոր գրոհները հետ են մղվել։ Զոհվել է պակիստանցի չորս զինվոր։

Խմբավորման գրոհայինների ներխուժումը պակիստանյան տարարածք տեղի է ունեցել առաջին անգամ 2021թ. օգոստոսին Աֆղանստանում «Թալիբանի» կողմից իշխանության զավթումից հետո։ Պակիստանի հետախուզության տվյալներով՝ աֆղանական սահմանամերձ Նուրիստան եւ Կունար նահանգներում այժմ տեղի են ունենում նոր ներխուժումներ Պակիստանի տարածք։

ԹԹՊ արմատական խմբավորումը համարվում է «Թալիբանի» պակիստանյան կազմակերպությունը, ինչը թալիբներն իրենք կտրականապես հերքում են։ Պակիստանն Աֆղանստանից պահանջում է չեզոքացնել այդ երկրում տեղակայված գրոհայիններին, ինչը նախատեսված է 2020թ. փետրվարին ստորագրված Աֆղանստանում խաղաղության վերականգնման մասին Դոհայի համաձայնագրով։