Եվրամիության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը գտնվում է Վրաստանում, հայտնում է Առաջին վրացական ալիքը։

Ժոսեպ Բորելին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին և Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Այցի շրջանակներում Եվրամիության բարձր ներկայացուցչին կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ժոզեպ Բորելը կհանդիպի նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Վարչապետի հետ հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։ Բորելը կհանդիպի նաեւ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ։

Եվրոպական միության փոխնախագահը կհանդիպի նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում Ժոզեպ Բորելը կծանոթանա ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը։

ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունը նշում է, որ Բորելի առաջին պաշտոնական այցը երկիր իր ներկայիս կարգավիճակով թույլ կտա նրան քննարկել Վրաստանի առաջընթացը եվրաինտեգրման ուղղությամբ, ինչպես նաև կարծիքներ փոխանակել ավելի լայն արտաքին քաղաքականության և տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ժոզեպ Բորելի այցը Վրաստան կտեւի մինչեւ սեպտեմբերի 8-ը։