Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է գործարար Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ Privatbank-ից 9,2 միլիարդ գրիվնա (մոտ 249 միլիոն դոլար) գումար «առգրավման» կասկածների մասին, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ քննիչների՝ 2015-ի սկզբին Կոլոմոյսկին «մշակել է Privatbank-ից միջոցներ առգրավելու ծրագիր»՝ նպատակ ունենալով «հետագա ֆինանսավորել վերահսկվող օֆշորային ընկերությանը և բանկի կանոնադրական կապիտալում ավելացնել իր սեփական մասնաբաժինը»: Դրա համար բանկն արհեստականորեն պարտավոր էր վճարել ավելի քան 9,2 միլիարդ գրիվնա Կոլոմոյսկու կողմից վերահսկվող ընկերությանն «ուռճացված արժեքով սեփական պարտատոմսերը, իբր, հետգնելու պատրվակով»:
Այդ գումարի մի մասը (ավելի քան 446 մլն գրիվնա) ավելի ուշ փոխանցվել է երեք փոխկապակցված ընկերությունների հաշիվներին՝ արժեթղթերի առքուվաճառքի գործարքների անվան տակ, այնուհետև ևս երկու իրավաբանական անձանց հաշիվներին։ Գումարն, ի վերջո, հասել է Կոլոմոյսկու անձնական հաշվին, և նա այն փոխանցել է Privatbank կանոնադրական կապիտալին՝ Ուկրաինայի Ազգային բանկի պահանջներին համապատասխան, գրում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մամուլի ծառայությունը։
Կոլոմոյսկու հետ գործին ներգրավված են եւս հինգ բանկի մենեջերներ։ Նրանք մեղադրվում են ուրիշի գույքի յուրացման, առգրավման կամ տիրանալու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով։




























