Չինաստանի ափային պահպանությունը ֆիլիպինյան չորս նավերի մեղադրել է երկրի ծովային սահմանը խախտելու մեջ։ Այս մասին նշվել է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում։
Չինական կողմի տվյալների համաձայն՝ «երկու մատակարարող եւ ափային պահպանության երկու նավեր ապօրինաբար մտել են երկրի ջրային ավազան չինական Նանյշա կղզիների Ժենյայ խութից ոչ հեռու, ինչի մասին նրանց «խիստ նախազգուշացրել» է ափային պահպանությունը։ Չինաստանի պարեկանավերը «հետեւել են [օտարերկրյա նավերի] տեղաշարժին» եւ «արդյունավետ վերահսկել նրանց գործունեությունը»։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Չինաստանը «անվիճելի ինքնիշխանություն ունի Նանյշա կղզիներում, ներառյալ Ժենյայ խութը եւ դրան հարակից ջրերը» եւ «վճռականորեն դեմ է Ֆիլիպինների կողմից շինանյութերի տեղափոխմանը ռազմանավերով»։
Ինչպես նշել է Manila Times ֆիլիպինյան թերթը, 12 չինական նավեր «արգելափակել են Ֆիլիպինների ԶՈւ մատակարարող նավերը Այունգինում, որը արդեն երրորդ նման գործողությունն է վերջին հինգ շաբաթվա ընթացքում։ Իսկ Philstar պորտալի տվյալներով՝ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը Ջակարտայում ունեցած ելույթում կոչ է արել Արեւելաասիական գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարներին «միջոցներ ձեռնարկել չինական ափային պահպանության նավերի եւ ծովային ոստիկանության վտանգավոր գործողությունների հանդեպ»:





























