ԱՄՆ-ն մտադիր է Ռումինիայում մարտական ինքնաթիռներ տեղակայել՝ ի հավելումն նրանց, որոնք կատարում են ՆԱՏՕ օդային ոստիկանության առաջադրանքները։ Այս մասին տեղեկացրել է Ռումինիայում ԱՄՆ դեսպան Քետլին Քավալեկը երկրի ազգային պաշտպանության նախարար Անջել Տիլվերի հետ հանդիպման ժամանակ։

«Դեսպան Քավալեկը փոխանցել է ԱՄՆ ցանկությունը՝ շարունակել օգնություն ցուցաբերել Ռումինիային ազգային տարածքն ավելի արդյունավետ պաշտպանելու գործում, այդ թվում շուտով Ռումինիայում ԱՄՆ ՌՕՈւ մարտական ինքնաթիռների տեղակայման միջոցով՝ ի հավելումն ՆԱՏՕ օդային ոստիկանության առաքելությունների»,- նշվել է երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Քավալեկն ընդգծել է, որ «ամերիկյան կառավարությունը նախկինի պես կողմնակից է Ռումինիայի եւ ՆԱՏՕ պոտենցիալի ամրապնդմանը»։

Նշվել է, որ ռումինացի նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին աջակցության համար։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը սեպտեմբերի 7-ին մամուլի ասուլիսում նշել է, որ երկիրը պաշտոնապես տեղեկացրել է ՆԱՏՕ գծով դաշնակիցներին երկրի տարածքում անօդաչու թռչող սարքի բեկորներ հայտնաբերելու մասին։ «Մենք անվտանգության լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել սահմանային գոտում՝ ուժեղացնելով մոնիթորինգը եւ օդային տարածքի պաշտպանությունը»,- ասել է Տիլվերը։