Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասն իր անհանգստությունն է հայտնել  Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումների կապակցությամբ:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի խախտումների։

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը հորդորում է արտգործնախարար Մելանի Ժոլիին և Լիբերալ կառավարությունը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումները դադարեցնելու համար»,- X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Ռեյչել Թոմասը:

Հիշեցնենք, որ 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, իսկ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։