Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի ընդունարան քարեր են նետել, ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում։ Այս մասին տեղեկացրել է Մամուլի լեհական գործակալությունը (РАР)։
Լեգիոնովոյում պաշտպանության նախարարի պատգամավորական ընդունարան անցած գիշեր քար եւ աղյուս են նետել։
«Դուք համընդհանուր ընդդիմության ծրագրին էիք սպասո՞ւմ։ Բետոնե երկու առարկա՝ քար եւ աղյուս, երեկ երեկոյան նետվել են նախարար Մարիուշ Բլաշչակի պատգամավորական ընդունարան... Ոստիկանությունը տեղեկացվել է, աշխատում է տեղում»,- սոցցանցում գրել է Մազովեցկու վոեվոդական ժողովի խորհրդական Լուկաշ Կուդլիցկին՝ հրապարակելով կոտրված ապակիների լուսանկարը։
Միջադեպը կարող է կապված լինել Լեհաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 15-ին։




























