Ուկրաինա է ժամանել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Հայաշի Յոշիմասան։ Սա նրա առաջին այցն է Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայում Ճապոնիայի դեսպանության մամուլի ծառայությանը։

Ինչպես գրել է Ճապոնիայի ԱԳՆ-ն, Կիեւ կատարած այցի ժամանակ Հայաշին ու նրա ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբան կքննարկեն Ուկրաինայի մասնակցությունը միջազգային հանրույթին, որպեսզի «որքան հնարավոր է արագ վերջ դրվի ռուսական ներխուժմանը»։

Մասնավորապես նշվել է, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին ուղեկցում են ճապոնական ընկերությունների ղեկավարները, այդ թվում Հիրոշի Միկիտանին՝ Rakuten Group-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրենը։

«Մենք հույս ունենք, որ այդ ընկերությունները հնարավորություն կունենան անմիջականորեն լսել եւ շփվել ուկրաինական կողմի վերականգնման եւ վերակառուցման պահանջների հետ, ինչը կդառնա ճապոնական ընկերությունների մասնակցության խորացման սկիզբը Ուկրաինայի վերակառուցման ապագա օգնության գործում»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում։