G20-ի ղեկավարները կիրակի օրը հարգանքի տուրք են մատուցել Հնդկաստանի անկախության առաջնորդ Մահաթմա Գանդիին նվիրված հուշահամալիրում, մեկ օր անց այն բանից հետո, երբ ֆորումը ողջունել է նոր անդամին և պայմանավորվածությունների հասել մի շարք հարցերի շուրջ՝ մեղմելով  ուկրաինական պատերազմի վերաբերյալ ձևակերպումները, գրում է Associated Press-ը:

Որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, որն անցած տարի էր հյուրընկալել  G20-ը, ոտաբոբիկ են մոտեցել հուշահամալիրին՝ որպես հարգանքի ավանդական նշան: Շատ ուրիշներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը,  հողաթափով է եղել, որոնք սովորաբար առաջարկում են այցելուներին, երբ նրանք քայլում են հորդառատ անձրևից առաջացած ջրափոսերով, խոնավ հողի վրա:

Հնդկաստանը, 20-ի խմբի առաջատար հարուստ և զարգացող երկրների այս տարվա հյուրընկալողը, գագաթնաժողովի առաջին օրն ավարտել է դիվանագիտական ​​հաղթանակով, չնայած ազդեցիկ անդամների միջև առկա, հատկապես Ուկրաինայի պատերազմի շուրջ սուր տարաձայնություններին:

Առաջին նիստի սկզբում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ խումբը անդամագրում է Աֆրիկյան միությանը՝  հնդիկ առաջնորդների՝ գլոբալ հարավը բարձրացնելու ձգտման շրջանակներում:

Ժամեր անց Հնդկաստանը հայտարարել է, որ իրեն հաջողվել է ստիպել տարաձայնություններ ունեցող  խմբին ստորագրել ամփոփիչ հայտարարությունը, բայց միայն Ուկրաինայի պատերազմի վիճելի հարցի վերաբերյալ ձևակերպումները մեղմելուց հետո:

Նա նաև հրապարակել է  ԱՄՆ-ի, Եվրամիության և այլ երկրների հետ երկաթուղային և նավագնացության միջանցք կառուցելու հավակնոտ ծրագիրը, որը Հնդկաստանը պետք է կապի Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ՝ տնտեսական աճը և քաղաքական համագործակցությունը խթանելու նպատակով:

Նյու Դելիում ղեկավարների գագաթնաժողովին նախորդող ամիսների ընթացքում Հնդկաստանը չէր կարողացել համաձայնության գալ Ուկրաինայի վերաբերյալ ձևակերպումների շուրջ, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին անգամ այն ձևակերպումներին, որին համաձայնել էին 2022 թվականի  Բալիի G20 գագաթնաժողովում:

Այս տարվա ամփոփիչ հայտարարության մեջ, որը հրապարակվել է գագաթնաժողովի պաշտոնական  փակումից մեկ օր առաջ, ընդգծվել է «մարդկային տառապանքը և պատերազմի լրացուցիչ բացասական հետևանքները Ուկրաինայում, բայց ուղղակիորեն չի հիշատակվել ռուսական ներխուժման մասին», նշում է լրատվամիջոցը։

Մինչդեռ Բալիի հռչակագրում, ընդհակառակը, մեջբերվել էր ՄԱԿ-ի բանաձևը, որը դատապարտում էր «Ռուսաստանի Դաշնության ագրեսիան Ուկրաինայի դեմ» և նշվել էր, որ «անդամների մեծամասնությունը վճռականորեն դատապարտում է պատերազմն Ուկրաինայում»։

Արևմտյան առաջնորդները, որոնք G20-ի նախորդ հանդիպումներում պնդել են Ռուսաստանի գործողությունների խիստ դատապարտումը, այնուամենայնիվ, կոնսենսուսը հաջողված են համարել և գովաբանել  են Հնդկաստանի ճարպիկ հավասարակշռությունը: Եթե ​​G20-ը ամփոփիչ կոմյունիկե չպատրաստեր, սա առաջին դեպքը կլիներ և հարված կհասցներ խմբի հեղինակությանը, գրում է լրատվամիջոցը։