Մոտ 200 ժամ անդադար բանակցություններ են պահանջվել՝ ապահովելու համար G20-ի առաջնորդների համատեղ կոմյունիկեն, որոնք տարաձայնություններ են ունեցել  Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ դաշինքի դիրքորոշման շուրջ, շաբաթ   NDTV-ին է ասել  Հնդկաստանի շերպա (G20 անդամ երկրի ներկայացուցիչ) Ամիտաբհ Կանտը:

 Կանտը նշել է, որ առանցքային է եղել «շերպաների հետ համագործակցությունը», և որ հատկապես զարգացող շուկաների համատեղ ջանքերն են՝ գլխավորությամբ Հնդկաստանի, Բրազիլիայի, Հարավային Աֆրիկայի և Ինդոնեզիայի, ապա Մեքսիկայի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի, ճնշում  գործադրել  «Մեծ յոթնյակի» երկրների վրա և  նրանց նստեցրել  բանակցությունների սեղանի շուրջ։

«(Եղել են) շուրջ 200 ժամ շարունակական բանակցություններ... Բալիի կետը չաշխատեց, և մենք պայքարեցինք ինը ամիս: Այնուհետև հանդիպումներից մեկում  սովորական էկրանի վրա նշեցի 15 հիմնական սկզբունքները, որոնց մենք պետք է հետևեինք: Հետո բոլոր շերպաները միացան մեզ ու հայտնեցին իրենց տեսակետները»,- պարզաբանել է նա։

«Առաջին սևագրից անցանք երկրորդին, երրորդին․․․ Դրանից հետո, կարծում եմ, օգնեցին երկկողմ հանդիպումները յուրաքանչյուր երկրի հետ»,- ասել է Կանտը NDTV-ին: «Կարևոր էր կարմիր գծեր քաշել յուրաքանչյուր երկրի համար»։

Այնուամենայնիվ, դեռևս կար աղետի՝ վերջին րոպեին անհամաձայնության հավանականությունը, որը կնշանակեր, որ Նյու Դելիի 2023-ի  գագաթնաժողովը կդառնա G20-ի առաջին հանդիպումը, որտեղ միաձայն հայտարարություն չի ընդունվի:

 «Շերպաների այդ (եզրափակիչ) հանդիպման ժամանակ ասացի. «Սա վերջնական տարբերակն է, և դուք կամ ընդունում եք այն, կամ գործարքը չեղարկվում է»: Ես նաև ասացի նրանց. «Եթե որևէ մեկն առարկություն ունի, ձեր առաջնորդը կարող է խոսել իմ առաջնորդի հետ», - ասել է G20-ի գագաթնաժողովում Հնդկաստանի ներկայացուցիչը:

Ավելի վաղ G20-ի երկրների ղեկավարները հանդես էին եկել համատեղ հռչակագրով, որում մեղմել էին ուկրաինական պատերազմի մասին ձևակերպումները, ինչը դժգոհություն էր առաջացրել Կիևում։ Հռչակագրում, մասնավորապես, ասվում է, որ երկրները պետք է ձեռնպահ մնան տարածքներ զավթելու համար ուժ կիրառելուց։

«ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, բոլոր պետությունները պետք է ձեռնպահ մնան ուժի սպառնալիքից կամ տարածք ձեռք բերելու նպատակով դրա կիրառումից, որը հակասում է ցանկացած պետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը կամ քաղաքական անկախությանը», - ասվում է առաջնորդների հայտարարության մեջ։

Հռչակագրում նաև մտահոգություն է արտահայտվում ողջ աշխարհում պատերազմների ու հակամարտությունների հետևանքների կապակցությամբ։

G20-ի ղեկավարները նաև կոչ են արել ամբողջ ծավալով ապահովել հացահատիկի գործարքը և հասնել առանց սահմանափակումների ՌԴ-ից և Ուկրաինայից պարենաամթերքի և պարարտանյութերի արտահանմանը:

Այս առումով հռչակագիրը բարձր է գնահատում Թուրքիայի ջանքերը և ՄԱԿ-ի օժանդակությամբ կնքված ստամբուլյան համաձայնագրերը, ինչպես նաև կոչ է անում դրանց լիարժեք, ժամանակին և արդյունավետ իրականացմանը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից  հացահատիկի և պարենի անհապաղ և անխոչընդոտ մատակարարումները երաշխավորելու նպատակով։