Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժումը քննադատել է Պակիստանի հետ իր հիմնական սահմանային անցակետի փակումն՝ այս շաբաթ անվտանգության ուժերի միջև բախումներից հետո՝ ասելով, որ առևտրի դադարեցումը կհանգեցնի բիզնեսի մեծ կորուստների, հաղորդում է Reuters-ը:

 «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը Թորհամի անցակետի փակումը և Պակիստանի կողմից Աֆղանստանի անվտանգության ուժերի վրա կրակ բացելը հակասող է համարում  բարիդրացիական հարաբերություններին», - ասվում է թալիբների վարչակազմի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Պակիստանի անվտանգության ուժերը կրակել են աֆղանական թալիբների վրա, որոնք վերանորոգում էին սահմանի մոտ գտնվող անվտանգության հին կետը:

Ապրանքներով բեռնված հարյուրավոր բեռնատարներ են կանգնեցվել, և առևտրականները բողոքում են, որ դա անդրադառնում է առևտրի վրա:

«Թորհամի անցակետի փակումը կարող է բացասաբար անդրադառնալ  երկկողմ և տարածաշրջանային առևտրի վրա և առևտրի ու ֆինանսական կորուստների հանգեցնել երկու կողմերի  առևտրային հասարակ դասի համար», - ասվում է հայտարարության մեջ՝  հավելելով, որ շատ ճանապարհորդներ նույնպես արգելափակված են սահմանի երկու կողմերում:

2600 կմ երկարության սահմանի շուրջ վեճերը տասնամյակներ շարունակ կռվախնձոր են եղել հարևան երկրների միջև։