Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի հայտարարել է, որ խոսել է F-16 կործանիչների մասին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ G-20 առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում կայացած կարճ զրույցի ժամանակ, հայտնում է Anadolu-ն։

«Մենք արագ մի քանի բառ փոխանակեցինք Բայդենի հետ։ Քննարկել ենք նաև F-16-ի հարցը»,- ասել է Էրդողանը Հնդկաստանում կայացած  G-20-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ցավոք, ընկերները շարունակում են հիշել Շվեդիան, երբ խոսքը վերաբերում է F-16-ի խնդրին: Այս մոտեցումը մեզ լրջորեն վշտացնում է»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը կրկնել է, որ Շվեդիայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ «Թուրքիայի խորհրդարանի հայեցողության տակ է»։

«Ես դեռ այն փուլում չեմ, որ կարողանամ ինքնուրույն որոշում կայացնել։ Այն պետք է ընդունվի խորհրդարանի կողմից։ Շվեդիան պետք է կատարի իր պարտավորությունները»,- ասել է նա։

Անկարան  F-16 կործանիչներ և արդիականացման սարքավորումներ էր խնդրել  2021 թվականի հոկտեմբերին։ 6 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը կներառի 40 ռեակտիվ ինքնաթիռի, ինչպես նաև Թուրքիայի ՌՕՈՒ տրամադրության տակ եղած 79 մարտական ​​ինքնաթիռի արդիականացման կոմպլեկտների վաճառք։ ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչ պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին հնարավոր վաճառքի մասին։

Սակայն  Կապիտոլիումի բլրի առանցքային օրենսդիրները խոստացել են չեղարկել այս գործարքը Թուրքիայի մի շարք անընդունելի գործողությունների պատճառով: