Զինված հանցագործները փորձել են թալանել Չիլիի արտաքին գործերի նախարար Ալբերտ վան Կլավերենին, տեղեկացրել է 24horas հեռուստաալիքը։
«Գիշերը արտաքին գործերի նախարարը տուն էր վերադառնում վարորդի եւ ոստիկանական թիկնախմբի ուղեկցությամբ, երբ ավտոմեքենայից դուրս են եկել երկու մարդիկ, որոնցից մեկը զինված էր հրազենով։ Նրանք սկսել են սպառնալ թիկնախմբին, որը մշտապես ուղեկցում է նախարարին»,- հեռուստաալիքը մեջբերել է շրջանի ոստիկանապետ Ալիսոն Լարանյագայի խոսքերը։
Ոստիկանության աշխատակցուհին, որը մեքենայում էր արտաքին գործերի նախարարի հետ, կրակ է բացել, ինչից հետո հարձակվողները փախուստի են դիմել։ Իրավապահներին հաջողվել է կալանավորել երկու հանցագործներին։ Նրանցից մեկը վիրավոր է։ Ոստիկանության տվյալներով՝ երկու կալանավորվածներն ավելի վաղ արդեն քրեական պատասխանատվության ենթարկված էին եղել։
Արտաքին գործերի նախարարը տուն էր վերադառնում Սանտյագոյի օդանավակայանից, որտեղ դիմավորել էր Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին։




























