ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր Թելեգրամ-ալիքում հայտնել է, որ ավելի լավ կլիներ ժամանակավորապես դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Եվրամիության հետ եւ դիվանագիտական անձնակազմը բերել Ռուսաստան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ավելի լավ կլիներ պարզապես ժամանակավորապես դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Եվ դիվանագիտական անձնակազմը բերել մեր երկիր։ Այ, այդ ժամանակ սնափառ տխմարները Բրյուսելում կոլեկտիվ ու «մի լավ» կլցնեն տակները (տաբատներն ու փեշերն, իհարկե)։ Քանզի դեսպանությունները տարհանում են միանգամայն որոշակի իրադարձություններից առաջ։ Ո՞վ գիտի՝ դեռ ինչի են ընդունակ անծայրածիր Մորդորի այդ խավար օրկերը...»,- գրել է Մեդվեդեւը։ Նրա կարծիքով՝ Եվրամիության ղեկավարները «ուղիղ եւ առանց ավելորդությունների ասել են բոլոր ռուսաստանցիներին. դուք մեզ համար երկրորդ տեսակի մարդիկ եք»։

«Եվ այս որոշումը հաստատ պատիժ չէ «Կրեմլի հանցավոր ագրեսիվ ռեժիմի համար»։ Սա կոնկրետ թուք է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու երեսին։ Ի՞նչ անենք այս դեպքում։ Հաստատ՝ պատասխան միջոցներ չմտցնենք Եվրամիության քաղաքացիների համար։ Մենք ռասիստներ չենք՝ ի տարբերություն այն երկրների շատ ղեկավարների, որոնց ազգականները ծառայել են ԷսԷս-ում։ Եվ նրանք, ովքեր գալիս են մեզ մոտ, սովորաբար սիրում եւ գնահատում են Ռուսաստանը»,- ասել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։