Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ստիպված կլինի 2024 թվականին կրճատել իր գործունեությունն ամբողջ աշխարհում ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով։ Տարեկան բյուջեն կկրճատվի 13 տոկոսով՝ մինչեւ 2,36 մլրդ դոլար, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
«ԿԽՄԿ-ն այսօր հայտարարել է իր մարդասիրական գործունեության արդյունավետության առավելագույն բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին ՝ 2024 թվականի իր նախնական կանխատեսվող բյուջեի շրջանակներում, որը սահմանվել է 2,1 միլիարդ շվեյցարական ֆրանկ (մոտ 2,36 միլիարդ դոլար)։ Այդ գումարը 13%-ով պակաս է կազմակերպության 2023 թվականի վերանայված բյուջեից»,-ասվում է հայտարարության մեջ։
ԿԽՄԿ-ում կարծում են, որ կազմակերպության 2024 թվականի կանխատեսումները համապատասխանում են հումանիտար օգնության համար հատկացվող բյուջեների կրճատման միտմանը՝ չնայած նրան, որ աշխարհում մարդասիրական կարիքները երբեք այդքան նշանակալի չեն եղել, ինչի մասին վկայում են Սուդանում, Ուկրաինայում կամ Սահելում շարունակվող զինված հակամարտությունները։
«2023 թվականին կազմակերպությունները բախվել են ֆինանսական դժվարությունների, որոնք հանգեցրել են աշխատատեղերի կրճատմանը եւ որոշակի օբյեկտների կրճատմանը կամ փակմանը։ Ցավոք, այս տնտեսական իրականությանը հարմարվելը տեղի չի ունենա առանց որոշ տեղերում աշխատակազմի հետագա զգալի կրճատման: Ամբողջ աշխարհում մեր պատվիրակությունների վրա ընդհանուր ազդեցությունը հայտնի կդառնա միայն նոյեմբերին, երբ մեր թիմերն ավարտեն 2024 թվականի բյուջեի պլանավորման գործընթացը»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























