Պետդեպարտամենտը եւ Պենտագոնը երկրի նախագահ Ջո Բայդենին խորհուրդ են տալիս սկսել ATACMS հեռահար հրթիռների մատակարարումը Կիեւի իշխանություններին, երկուշաբթի տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Հեռուստաընկերության տվյալներով՝ նշյալ գերատեսչություններում կարծում են, որ «հրթիռների ուղարկումը կարող էր օգնել Ուկրաինային հակահարձակման հաջողության հարցում, որը շատ դանդաղ է ընթանում համոզիչ առաջընթացի հասնելու համար»։ «Դրա (ATACMS հրթիռների մատակարարման) հավանականությունն այժմ զգալիորեն ավելացել է»,- հեռուստաընկերությունը մեջբերել է բանակցությունների ընթացքին ծանոթ ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքերը։ Բայց եւ այնպես, հրթիռների մատակարարման մասին որոշումը դեռ չի կայացվել։

Ավելի վաղ Politico թերթը տեղեկացրել էր, որ Կիեւի իշխանությունները հույս ունեն, որ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինայի Զինված ուժերին ATACMS հրթիռներ տրամադրելու մասին սեպտեմբերի 19-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բարձրամակարդակ շաբաթվա ընթացքում։ Պարբերականը նշել է, որ ամերիկյան վարչակազմում, սակայն, հավաստիացնում են, որ այդ ժամկետը չափազանց կարճ է նման որոշում կայացնելու համար։