ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ տարիքը խոչընդոտ չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից պարտականությունները կատարելու գործում, բայց նա չափից ավելի անբանիմաց է Միացյալ Նահանգները կառավարելու համար։

«Ջո Բայդենը այնքան էլ ծեր չէ, նա չափից ավելի անբանիմաց է»,- գրել է 77-ամյա Թրամփը սեպտեմբերի 11-ին Truth Social սոցիալական ցանցի էջում։

ԱՄՆ նախկին նախագահի կարծիքով՝ Բայդենի օրոք, որի 81-ը կլրանա նոյեմբերին, ԱՄՆ-ն դարձել է «ինքն իր ստվերը»։ Հանրապետականը կոչ է արել կիրառել ԱՄՆ Սահմանադրության 25-րդ լրացումը, որն այդ թվում որոշում է ԱՄՆ նախագահի ժամանակավոր անգործունակության սահմանման կարգը, որի դեպքում փոխնախագահն սկսում է կատարել պետության ղեկավարի պարտականությունները։ «Ուկրաինան, գնաճը, համաշխարհային դիրքի, հարգանքի կորուստը։ Որտե՞ղ է հանրապետականների 25-րդ լրացման կոչը»,- հարց է տվել նա։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը տեղեկացրել էր, որ ամերիկացի ընտրողների մեծ մասը Բայդենին համարում է «չափից ծեր» երկրորդ ժամկետում վերընտրվելու համար։ Հարցման տվյալների համաձայն, որն անցկացրել է թերթը, հարցվողների 73 տոկոսը կարծում է, որ Բայդենը «չափազանց ծեր»է, որպեսզի երկրորդ ժամկետի համար ընտրվի, միայն 36 տոկոսն է կարծում, որ նախագահը «մտավոր առումով պիտանի է» վերընտրման համար։ Թրամփին, որը տարիքով փոքր է պետության գործող նախագահից ընդամենը երեք տարով եւ նույնպես մտադիր է վերընտրվել, երկրորդ ժամկետով վերընտրվելու համար չափից ծեր է համարում հարցվածների 47 տոկոսը։