Չինաստանի բանակի պատվիրակությունը չեղարկել է այցը Ճապոնիա՝ երկու երկրների հարաբերությունների վատթարացման ֆոնին: Այս մասին հայտնում է Kyodo-ն՝ հղում անելով ընդունող կողմին:

Այցը նախատեսված էր սեպտեմբերի կեսերին։

Որպես կազմակերպիչներ հանդես են եկել Սասակավայի խաղաղության ճապոնական հիմնադրամը եւ միջազգային ռազմավարության չինական գիտական ընկերությունը։ Սասակավայի Խաղաղության հիմնադրամը չինական կողմից ծանուցում է ստացել, որ իրենց ծրագրերը փոխվել են, եւ այցը չի կայանա:

Նման փոխանակումներ չինացի զինվորականների եւ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի աշխատակիցների միջեւ սկսվել են 2001 թվականին։ Դրանք ընդհատվել էին համավարակի պատճառով, սակայն վերսկսվել են հուլիսին, երբ Չինաստան է ժամանել Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի պատվիրակությունը։ Պատասխան այցը պետք է տեղի ունենար սեպտեմբերին։