Անհրաժեշտ է ապահովել քրեակատարողական ծառայության աշխատակիցների համար ատեստավորման համակարգի ներդրումը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովի նիստում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։
Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ատեստավորման համակարգի ներդրում՝ ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար։
«Հաջող ատեստավորման դեպքում աշխատակիցները կստանան աշխատավարձի հավելավճար։ Քրեակատարողական ծառայության գործող աշխատակիցները պետք է ատեստավորվեն երեք տարվա ընթացքում»,-ասաց Բալյանը։
Իսկ ձախողման դեպքում հնարավոր կլինի փորձել վերահանձնել, սակայն ոչ ավելի, քան տարին երկու անգամ։
Ընդ որում, եթե երեք տարվա ընթացքում աշխատակցին այդպես էլ չի հաջողվում ատեստավորում անցնել, դա կարող է աշխատանքից ազատման հիմք դառնալ։




























