ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը կիրակի օրը ասել է, որ ինքը ցնցված է՝ իմանալով, որ Եվգենի Պրիգոժինը` «Վագներ» խմբի երկարամյա ղեկավարը, իրեն ճաշ է մատուցել ավելի քան 17 տարի առաջ, գրում է Business Insider-ը։

Եվրոպական ռազմավարության հարցերով Յալթայի համաժողովում ելույթի ժամանակ Բուշին հարցրել են, թե արդյոք նա ցնցված է Պրիգոժինի՝ ավիավթարի հետևանքով զոհվելու լուրից։ Համաժողովն անցկացվել է Կիևում, սակայն Բուշը մասնակցել է վիդեոկապի միջոցով։

«Ոչ, ինձ համար ցնցողն այն է, որ ես օրերս մի լուսանկար տեսա Սանկտ Պետերբուրգում G8-ի գագաթնաժողովից, որտեղ նա այն տղան էր, որը կերակուր էր մատուցում», - ասել է Բուշը:

«Նա Պուտինի խոհարարն էր, և նա լուսանկարում էր»,- ժպտալով ավելացրել է ԱՄՆ նախկին նախագահը։

Բուշի խոսքով՝ ինքը չի հիշում, որ անձամբ է հանդիպել այս մարդուն։ «Ես միայն գիտեմ, որ ողջ եմ մնացել»,- հավելեց նա։

2006 թվականի հուլիսի 14-ով թվագրված լուսանկարում պատկերված է այն պահը, երբ Բուշը և նրա կինը՝ Լաուրան, հանդիպել են Պրիգոժինին Պուտինի հետ ընթրիքի ժամանակ։ Պրիգոժինը Բուշին ըմպելիք է մատուցում:

Նրանք Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում էին G8-ի 32-րդ գագաթնաժողովի ժամանակ։ Սա առաջին դեպքն էր, երբ Ռուսաստանը հյուրընկալեց G8-ի հանդիպումը։

Այն ժամանակ Վաշինգտոնն ու Մոսկվան քննարկել են երկու երկրների միջև առևտրի հետագա զարգացման հնարավորությունը և Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու հնարավորությունը։