Հաջորդ եռամսյակում նավթի համաշխարհային շուկաները կբախվեն առաջարկի դեֆիցիտի օրական 3 մլն բարելի չափով, ինչը կարող է ամենամեծ դեֆիցիտն ստեղծել մեկ տասնամյակի ընթացքում, քանի որ Սաուդյան Արաբիան երկարացնում է արդյունահանման կրճատումը, գրել է Bloomberg-ը։
ՕՊԵԿ հրապարակած վերջին տվյալները ցույց են տալիս, թե ինչու է առաջարկի կրճատումը թագավորության կողմից ռեկորդային պահանջարկի ֆոնին հանգեցրել այն բանին, որ նավթի գինը Լոնդոնում «թռել» է՝ մեկ բարելը 90 դոլարի հասնելով։ Անցած շաբաթ Էր Ռիադը հայտարարել էր, որ կերկարացնի արդյունահանման լրացուցիչ կրճատումը օրական 1 մլն բարելով մինչեւ տարեվերջ, չնայած այն բանին, որ շուկաներն առանց այդ էլ լարված են։
Նավթի համաշխարհային պաշարները, որոնք կտրուկ կրճատվել են այս եռամսյակում, առաջիկա երեք ամիսներին պետք է էլ ավելի կրճատվեն՝ օրական մոտ 3,3 մլն բարելով, նշվել է երեքշաբթի Նավթ արտահանող երկրների կազմակերպության զեկույցում։
Bloomberg գործակալության տվյալներով, որն ուսումնասիրել է Վիեննայում ՕՊԵԿ քարտուղարության հրապարակած տվյալները, եթե դրանք իրականացվեն, կարող են հանգեցնել պաշարների ամենազգալի կրճատման առնվազն 2007թ. ի վեր։
Էր Ռիադի ռազմավարությունը՝ ամրացված Ռուսաստանի կողմից արտահանման կրճատմամբ, սպառնում է փուխր համաշխարհային տնտեսության վրա գնաճային ճնշման վերականգնմամբ, նշել է ԶԼՄ-ն։
Եվրոպայում կտրուկ բարձրացել է դիզելային վառելիքի գինը, իսկ ամերիկյան ավիաընկերությունները ուղեւորներին նախազգուշացնում են այն մասին, որ նրանք պետք է պատրաստ լինեն ծախսերի ավելացմանը։
Դա կարող է քաղաքական խնդիր դառնալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար, քանի որ նա պատրաստվում է վերընտրման հաջորդ տարի, իսկ բենզինի գինը մոտենում է զգայուն շեմի՝ մեկ գալոնը 4 դոլար։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գործողությունները չեն բարդացնի իր տնտեսական ջանքերը։
Հաշվետվության համաձայն՝ ՕՊԵԿ 13 անդամ երկրները միջինը օրական 27,4 մլն բարել նավթ են արդյունահանել այս եռամսյակում կամ մոտ 1,8 մլն-ով ավելի քիչ, քան պահանջվում է սպառողների կողմից։ Եթե կազմակերպությունը պահպանի արտադրության ծավալները նախկին մակարդակում, ինչպես նախատեսում է անել խմբի առաջատար Սաուդյան Արաբիան, պահանջարկի եւ առաջարկի միջեւ խզումը գրեթե կկրկնապատկվի տարվա վերջին երեք ամիսներին։ ՕՊԵԿ գնահատականներով՝ նրան անհրաժեշտ է ապահովել օրական 30,7 մլն բարել չորրորդ եռամսյակում, որպեսզի սպառումը բավարարվի։
Վերջին կանխատեսումները ենթադրում են, որ ՕՊԵԿ պաշտոնատար անձինք մտադիր են արագ կրճատել պաշարները։ Հում նավթի պաշարները զարգացած երկրներում արդեն մոտ 114 մլն բարելով ցածր են 2015-2019թթ. միջին մակարդակից, նշվել է զեկույցում։
Մատակարարումների կրճատումը արտացոլում է կազմակերության ֆինանսական պահանջմունքները։
Bloomberg Economics-ի գնահատականներով՝ Սաուդյան Արաբիան կարող է մեկ բարելի համար 100 դոլարի պահանջ ունենալ պետական ծախսերը ծածկելու, ինչպես նաեւ գահաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի հավակնոտ նախագծերի համար։
Հաշվետվությունում հիմնականում անփոփոխ պահպանվել են համաշխարհային պահանջարկի եւ առաջարկի գնահատականներն այս եւ հաջորդ տարվա համար։ ՕՊԵԿ-ը եւ նրա դաշնակիցները պետք է հանդիպեն նոյեմբերի 26-ին, որպեսզի վերանայեն գալիք տարվա արտադրական քաղաքականությունը։




























