Չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի ափային ծառայությունը։
Ճապոնական ափային ծառայության տվյալներով՝ երկու հրթիռներն արդեն ընկել են, բայց դրանց անկման ճշգրիտ տեղը ներկա պահին նշված չէ։ Միեւնույն ժամանակ, ճապոնական հանրային հեռուստատեսության պաշտպանության նախարարությունում ունեցած աղբյուրների տվյալներով՝ հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս, Ճապոնական ծովում։ Ափային ծառայությունը կոչ է անում տարածաշրջանում գտնվող նավերին հրթիռների բեկորներ գտնելու դեպքում չմոտենալ դրանց, այլ անհապաղ կապվել իշխանությունների հետ։
Վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակին կից կատարվում է Հյուսիսային Կորեայի նոր արձակումների մասին տվյալների հավաքում եւ վերլուծություն։ Երկրի պաշտպանության նախարարությունը զբաղված է նաեւ իրավիճակի ուսումնասիրմամբ։
Հյուսիսային Կորեան տարեսկզբից իրականացրել է մոտ 20 հրթիռային արձակում։





























