Բրատիսլավայում ծեծկռտուք է տեղի ունեցել Սլովակիայի նախկին վարչապետի Իգոր Մատովիչի եւ ՆԳ նախկին նախարար, սոցիալ-դեմոկրատ Ռոբերտ Կալինյակի միջեւ։ Միջադեպը տեսանկարահանվել է եւ տեղադրվել համացանցում, հաղորդում է pravda.sk-ը։

Մատովիչի եւ Կալինյակի միջեւ կոնֆլիկտը տեղի է ունեցել միգրացիայի հարցերով մամուլի ասուլիսի ժամանակ։

Կալինյակը իր մի քանի կողմնակիցների հետ մոտեցել է ամենագնացին եւ այն բանից հետո, երբ ղեկին գտնվող Մատովիչը բացել է դուռը, փորձել է խլել նրա խոսափողը։ Վերջինս դիմադրել է եւ հարված ստացել դեմքին։ Նախկին վարչապետը դա անպատասխան չի թողել եւ ոտքով հարվածել է նախկին նախարարի կրծքին։ Քաղաքական գործիչների ծեծկռտուքը հաջողվել է դադարեցնել միայն դեպքի վայր շտապած ոստիկանին, որից հետո Մատովիչը լքել է ծեծկռտուքի վայրը։

Քաղաքական գործիչների միջեւ վեճը տեղի է ունեցել Ազգային խորհրդում (խորհրդարան) սեպտեմբերի 30-ին նախատեսված ընտրությունների նախաշեմին։