Israel Aerospace-ն իրականացրել է հրթիռի փորձարկումներ Ադրբեջանում։ Ինչպես տեղեկացրել է Globes իսրայելական պորտալը, IAI ընկերության Barak MX հրթիռների հայտնաբերման համակարգերի ցուցադրումը կարող է մեկնաբանվել որպես ուղերձ Իրանին։
Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը հաջողությամբ ավարտել է Barak MX հրթիռների հայտնաբերման համակարգի ցուցադրական գործողությունները։ Ընկերությունում չեն նշել, թե որ երկրում են կատարվել փորձնական վարժանքները, բայց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, փորձարկումներն իրականացվել են հենց այդ երկրում։ Ադրբեջանում Barak MX-ն անվանում են «Յըլդըրըմ»։
IAI օպերատիվ փորձարկումները ներառել են մարտական հրաձգություն մարտական մարտկոցներից եւ լիակատար մարտական պայմաններ։ Զորավարժանքների շրջանակում գործարկվել են մի քանի Barak MX ԶՀՀ-ներ, այդ թվում LR եւ ER, որոնք կիրառվել են սպառազինությունների հեռանկարային համակարգերի միջեւ ռազմական խաղի ընթացքում. խոցվել է բալիստիկ հրթիռ։
Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ դրանք պլանային զորավարժանքներ էին՝ կոչված երկրի ՀՕՊ համակարգի կատարելագործմանը։
Barak MX-ի ցուցադրումը կարելի է մեկնաբանել որպես ուղերձ Թեհրանին։ Barak MX-ը համակարգ է, որն ապահովում է որակյալ պաշտպանություն օդային բազմաթիվ պլատֆորմներից եւ խոցման միջոցներից, ներառյալ ինքնաթիռները, ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ հրթիռները։ Համակարգն ունի ծովային եւ ցամաքային տարբերակներ, որոնք կարող են աշխատել գիշեր-ցերեկ, ցանկացած եղանակային պայմաններում։ Այն կարող է հաջողությամբ հաղթահարել մարտի բարդ սցենարներ, ներառյալ միաժամանակյա սպառնալիքների մեծ քանակությունը։
Barak MX համակարգն ունի մի քանի կարեւոր բաղադրիչներ, որոնք նորագույն տեխնոլոգիաների արդյունք են՝ արձակման սարքեր, կառավարման համակարգ, կատարելագործված ռադար, բազմահամակարգային կապ եւ այլն։ Համակարգը IAI-ի առաջատար արտադրանքներից մեկն է։
«Համակարգը թույլ է տալիս օպտիմալ կերպով լուծել օդային սպառնալիքների խնդիրը։ Այն ունի առաջատար տեխնոլոգիա, որը թույլ է տալիս օպերատիվ սցենարով հայտնաբերել թիրախը ռադիոլոկացիոն սարքերի օգնությամբ, ինչպես նաեւ արձակել խոցող հրթիռներ տարբեր թիրախների ուղղությամբ, ներառյալ բալիստիկ եւ թեւավոր հրթիռները մեծ ճշգրտությամբ»,- ասել է IAI գլխավոր տնօրեն Բոազ Լեւին։





























