Եվրոպական խորհրդարանը Հաագայում Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ։ Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, եվրախորհրդարանականների հավանությանն արժանացած բանաձեւում Լուկաշենկոն անվանվել է ՌԴ-ի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներից ավելի քան 2 150 երեխաների՝ Բելառուսի այսպես կոչված առողջարարական ճամբարներ բռնի տեղափոխման հանցակից, որտեղ «նրանք ենթարկվում են ռուսիֆիկացման եւ գաղափարական մշակման»։ Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին եւ նրա վարչակարգը համարում է պատասխանատու այդ ռազմական հանցագործությունների համար այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինին եւ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային, գրել է DW-ն։

Բանաձեւում դատապարտվում է Լուկաշենկոյի վարչակարգի մասնակցությունը Ուկրաինայի դեմ չարդարացված, անօրինական եւ չարտոնված պատերազմին, ՌԴ զորքերին զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարելուն, ռուսական բանակի համար կոմպլեկտավորողների արտադրությանը, երկրում ռուսական զորքերի տեղակայմանը եւ բելառուս հրահանգիչների կողմից նրանց ուսուցանմանը, ռուսական ագրեսիային միանալու սպառնալիքին։

Լուկաշենկոյի վարչակարգը դարձել է Ռուսաստանի կատարած հանցագործությունների հանցակից, ինչը ենթադրում է պատասխանատվություն Ուկրաինային հասցված վնասի, ավերածությունների համար, նշվել է փաստաթղթում։ Եվրախորհրդարանը կարծում է, որ հատուկ միջազգային տրիբունալը պետք է իրավազորություն ունենա ոչ միայն Պուտինի եւ ռուսական քաղաքական ու ռազմական ղեկավարության, այլեւ Բելառուսի ղեկավարության գործողությունները հետաքննելու համար։

Եվրախորհրդարանականները կոչ են արել Եվրամիության ինստիտուտներին եւ ԵՄ պետություններին ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են «բելառուս պաշտոնյաների քրեական հետապնդման համար, որոնք համարվում են Ուկրաինայի դեմ կատարված ագրեսիայի, ռազմական, մարդկության դեմ եւ ցեղասպանության հանցագործությունների հանցակից»։