Դուշանբեում՝ Ազգի պալատում, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ ընթանում է Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ հոբելյանական խորհրդակցական հանդիպումը:
Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների հոբելյանական խորհրդատվական հանդիպմանը մասնակցելու համար Դուշանբե են ժամանել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը եւ պատվավոր հյուրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը բացել է իր տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքը Կենտրոնական Ասիայի երկրների համար:
«Մեր հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը։ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի պետությունների համար հուսալի տարանցիկ երկիր է դեպի Թուրքիայի եւ Եվրոպայի շուկաներ տանող ճանապարհին: Ոչ պակաս կարեւոր է նաեւ հակառակ ուղղությամբ տարանցումը։ Կենտրոնական Ասիայի մեր եղբայրները գիտեն, որ Ադրբեջանի ողջ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է իրենց համար»,-ասել է Ալիեւը։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արեւելք-Արեւմուտք երթուղով բեռնափոխադրումների աճող պահանջարկը բավարարելու համար Ադրբեջանը արդիականացնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Ալիեւի խոսքով՝ 2024 թվականին դրանով բեռնափոխադրումների հոսքը կավելացվի 1 մլն տոննայից մինչեւ 5 մլն տոննա։ Դրան զուգահեռ ընդլայնվում են Բաքվի առեւտրային նավահանգստի հնարավորությունները ՝ ներկայիս 15 մլն տոննայից հասնելով 25 մլն տոննայի։
Ակնկալվում է, որ խորհրդատվական հանդիպման արդյունքներով կընդունվեն մի շարք կարեւոր փաստաթղթեր, որոնցից գլխավորը կլինի Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը:





























