Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Տաջիկստանում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 5-րդ խորհրդատվական հանդիպմանը, հայտարարել է, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի երկրների համար հուսալի տարանցիկ երկիր է դեպի Թուրքիայի եւ Եվրոպայի շուկաներ։

«Կենտրոնական Ասիայի մեր եղբայրները գիտեն, որ Ադրբեջանի ողջ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքը բաց է իրենց համար»,-ասել է նա։ Ալիեւը ելույթի ընթացքում նաեւ նշել է, որ երկկողմ համագործակցության կարեւոր չափանիշներից մեկը փոխադարձ առեւտրի եւ ներդրումների աճն է: «Անցյալ տարի Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 3 անգամ։ Այս տարվա 7 ամիսներին աճը եւս 50 տոկոս է։ Արդեն ստեղծվել են համատեղ ներդրումային հիմնադրամներ, համաձայնեցվել է ավելի քան 1 մլրդ դոլարի փոխադարձ ներդրումների ծավալը առաջիկա 3 տարում»,-հավելել է նա։

Ընդ որում, նա Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը Արեւելք-Արեւմուտք երթուղով բեռնափոխադրումների աճող պահանջարկը բավարարելու նպատակով արդիականացնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Նշելով, որ հաջորդ տարի այդ ճանապարհով բեռնափոխադրումները կավելանան 1 միլիոնից մինչեւ 5 միլիոն տոննա, Ալիեւն ընդգծել է, որ դրան զուգահեռ ընդլայնվում են Բաքվի առեւտրային նավահանգստի հնարավորություններն՝ 15 միլիոնից մինչեւ 25 միլիոն տոննա։