Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները։ 539 կողմ (6 դեմ, 24 ձեռնպահ) ձայներով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում նրանք պահանջում են «անհապաղ և անվերապահ ազատ արձակել» 2023 թվականի հուլիսի 23-ին կալանավորված ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Գուբադ Իբոդօղլուին։ Նրանք ընդգծել են, որ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական դրդապատճառներ ունի։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են արել ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը (EEAS) և անդամ երկրներին «դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության լուրջ խախտումները և երկկողմ հանդիպումներում բարձրացնել Գուբադ Իբադօղլուի դեպքերը, և ապագա գործընկերության համաձայնագրի բանակցություններում»։
Նման համաձայնագրի ստորագրումը պետք է պայմանավորվի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, նշել են նրանք։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ-ի Մարդու իրավունքների գլոբալ սանկցիաների ռեժիմի շրջանակներում ԵՄ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր թույլ են տվել մարդու իրավունքների լուրջ խախտումներ:
Իբադօղլուն Ադրբեջանի «Ժողովրդավարության և բարգավաճման շարժման» նախագահն է, որը բազմիցս մերժվել է գրանցվել որպես քաղաքական կուսակցություն: Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում և, ըստ տեղեկությունների, ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի և տառապում է ծանր հիվանդություններով:





























