Իրանի արտաքին գործերի նախարարությունը եվրոպական երկրներին զգուշացրել է հետ կանգնել Իսլամական Հանրապետության դեմ զենքի մատակարարման նոր էմբարգո կիրառելու ենթադրյալ մտադրությունից, հայտնում է ԻՐՆԱ-ն։

«Լարվածություն ստեղծող միջոցների ընդունումը, անշուշտ, կբարդացնի նրանց միջև հարաբերությունների կառավարումը և բացասաբար կանդրադառնա համագործակցության գործընթացի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վրա», - ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Եվրամիության և երեք եվրոպական երկրների՝ մինչև ՀԳՀԾ-ի ութերորդ տարին  իրենց պարտավորությունները  չկատարելու որոշումը համարում է  անօրինական   և հակասող  ՀԳՀԾ-ով իրենց պարտավորություններին և 2231 բանաձևին, ինչպես նաև՝ գործողություն, որը լարվածություն է ստեղծում և ուղեկցվում է չարամտությամբ։ 

Իրանի միջուկային գործողություններին ի պատասխան Եվրամիության և եվրոպական երեք երկրների՝ իրենց պարտավորությունները չկատարելու որոշումը լիովին զուրկ է իրավական տրամաբանությունից, քանի որ Իրանը եվրոպական կողմերին մեկ ամբողջ տարի ժամանակ է տվել՝ փոխհատուցելու ԱՄՆ-ի՝  ՀԳՀԾ պայմանագրից դուրս գալու անօրինական գործողությունը։

Իրանի չափանիշները միշտ եղել են երկրների գործողությունները, ոչ թե խոսքերը: Եվրոպական կողմերի այս գործողությունները հակասում են ՀԳՀԾ-ի վերականգնման համար անհրաժեշտ տարածք ստեղծելու փորձի մասին նրանց հայտարարություններին։

Կասկածից վեր է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատշաճ կերպով և իր իրավունքների շրջանակներում կպատասխանի այս անօրինական, սադրիչ գործողությանը և  ՀԳՀԾ պայմանգրով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով պայմանավորված  Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Անգլիայի պարտավորությունների ակնհայտ խախտմանը:

«Մենք զգուշացնում ենք եվրոպական կողմերին լարվածություն հրահրող միջոցներ չընդունել, որոնք ակնհայտորեն կբարդացնեն նրանց միջև հարաբերությունների կառավարումը և բացասաբար կանդրադառնան համագործակցության գործընթացի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններում»։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են, որ կպահպանեն Իրանի նկատմամբ բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի տարածման հետ կապված պատժամիջոցները, որոնց ժամկետը  լրանալու է հոկտեմբերի 18-ին՝ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի համաձայն, ինչը կարող է Իրանի պատասխան գործողություններ  հրահրել: