Արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը՝ Լյոկան, որ արդեն մի քանի օր է, ինչ Սյունիքում է, գրում է.

«Հակարի կամրջի հերթի մեջ երեխա ա ծնվել: Այ էս տղենա հայրը: Ոտքերը կտրված բայց հույսն ու հավատը տեղնա: Աստված պահապան»։

Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից հետո, արդեն երկրորդ օրն է, ինչ հանրապետության բազմաթիվ բնակիչներ ստիպված են լքել իրենց հայրենի հողերը և տեղափոխվել Հայաստան։ Նրանք հեռանում են հապճեպ՝ իրենց հետ վերցնելով միայն ոչ մեծ անձնական իրեր և թողնելով իրենց տներն ու ողջ ունեցվածքը։ Ոմանք հեռանում են սեփական ավտոմեքենաներով, իսկ մյուսները տարհանվում են կառավարության տրամադրած ավտոբուսներով:

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին մեծ խցանում է, մարդիկ օրերով ճանապարհին են մնում։ Ականատեսների վկայությամբ ավտոմեքենաների շարասյունը սկսվում է Սեփանակերտի կենտրոնից։

Գորիս ժամանած քաղաքացիներին գրանցում են, ինչից հետո նրանց մի մասը գնում է Հայաստանում բնակվող իրենց հարազատների ու ընկերների մոտ, իսկ մյուս մասը՝ իրենց համար պատրաստված ժամանակավոր կացարան։ Շատերը, սակայն, հրաժարվում են լքել Գորիսում կազմակերպված հումանիտար շտաբը, քանի որ ճանապարհին ստիպված են եղել բաժանվել իրենց հարազատներից, ծնողներից, երեխաներից, և հիմա չգիտեն, թե նրանք որտեղ են, և շտաբում մնալով՝ հույս ունեն այնտեղ հանդիպել նրանց կամ գոնե ինչ-որ տեղեկություն ստանալ նրանց մասին:

Հաճախ լինում են իրավիճակներ, երբ մարդիկ հասնում են հումանիտար շտաբ, բայց նրանց իրերը գտնվում են բեռնատարներում, որոնք դեռ չեն հասել շտաբ։

Նշենք, որ սեպտեմբերի 26-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից արդեն Հայաստան է ժամանել ավելի քան 19,000 բռնի տեղահանված անձ։