Իսլանդիայի դպրոցները, խանութները, բանկերը և հայտնի լողավազանները երեքշաբթի փակվել են, քանի որ երկրի կանայք՝ ներառյալ վարչապետը, գործադուլ են հայտարարել՝ պահանջելով վերջ տալ անհավասար վարձատրությանը և գենդերային բռնությանը, հաղորդում է AP-ն:

Այսօր վաղ առավոտյան Իսլանդիան հայտարարեց ողջ երկրում հաստատությունների փակման մասին. հասարակական տրանսպորտը հետաձգվում է, հիվանդանոցները սահմանափակ աշխատակազմով են և հյուրանոցային սենյակները՝ չմաքրված: Արհմիությունները, գործադուլի հիմնական կազմակերպիչները կոչ են արել կանանց հրաժարվել վճարովի և չվճարվող աշխատանքից, այդ թվում՝ տանը։ Երկրի աշխատողների մոտ 90%-ը արհմիությունների անդամ է։ 

Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրն ասել է, որ գործադուլի շրջանակներում կմնա տանը և ակնկալում է, որ իր կաբինետի մյուս կանայք նույնը կանեն:

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից, որը չափում է աշխատավարձը, կրթությունը, առողջապահությունը և այլ գործոններ, Իսլանդիան 14 տարի անընդմեջ ճանաչվել է որպես աշխարհում ամենաշատ գենդերային հավասարություն ունեցող երկիր։ 

Ոչ մի երկիր չի հասել լիարժեք իրավահավասարության, և Իսլանդիայում պահպանվում է աշխատավարձերի գենդերային տարբերությունը:

Երեքշաբթի օրվա գործադուլը, որը տևեց կեսգիշերից մինչև կեսգիշեր՝ հայտարարվել է ամենախոշորը 1975 թվականի հոկտեմբերի 24-ին Իսլանդիայում առաջին նման գործադուլից հետո, երբ կանանց 90%-ը հրաժարվեց աշխատել, մաքրել կամ երեխաներին խնամել՝ աշխատավայրում խտրականության պատճառով զայրույթն արտահայտելու համար։