Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Գազայի հատվածից «նացիստ մարդասպաններին» Թուրքիա տանել։
«Ես տեսնում եմ Էրդողանի և նրա ժողովրդի հսկայական աջակցությունը նացիստ մարդասպաններին, որոնք սպանել, թալանել և բռնաբարել են մեր երեխաներին, մեր ծերերին և մեր կանանց, և ես կարող եմ միայն առաջարկել Էրդողանին, որ նա ոչ միայն աջակցի նրանց հեռվից, այլև վերցնի իր պաշտպանության տակ Թուրքիայում ապրելու»,- գրել է Բեն-Գվիրը սոցցանցում, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Թուրքիայի նախագահը երեկ ելույթ էր ունեցել Ստամբուլում պաղեստինցիների աջակցության բազմահազարանոց հանրահավաքում։ Նա Իսրայելն անվանել էր պաղեստինյան տարածքների «օկուպանտ» և խոստացել նրան պատերազմական հանցագործ հայտարարել Գազայի հատվածում բանակի գործողությունների պատճառով։ Թուրքիայի առաջնորդը պատերազմի գլխավոր մեղավոր է համարում Արևմուտքին, որը գործում է «առանց սեփական ձեռքերը կեղտոտելու», մինչդեռ Իսրայելը «խաղաքար է, որը մի օր կզոհաբերվի»։ «Հեյ Արևմուտք, ես քեզ հարցնում եմ, ուզու՞մ ես նորից պատերազմ հրահրել կիսալուսնի և խաչի միջև»,- ասել է Էրդողանը։
Ի պատասխան Իսրայելը հայտարարել է, որ հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից, իսկ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը, խոսելով Թուրքիայի նախագահի մասին, նշել է, որ «օձը օձ է մնում»։ «Էրդողանը փորձեց բարելավել իր իմիջը, բայց մնաց հակասեմական»,- ասել է Էրդանը:





























