ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերի գծով տեղակալ Մարտին Գրիֆիտսը Իսրայել մտնելու վիզա է ստացել եւ այնտեղ կմեկնի հոկտեմբերի 30-ին, գրել է Yedioth Ahronoth թերթը։
Աղբյուրի համաձայն՝ վիզան կգործի ընդամենը մի քանի օր։ Նրա հանդիպումների մասին տեղեկություն դեռ չկա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը հայտարարել էր, որ համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին վիզաներ չեն տրվի նրա գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի դիրքորոշման պատճառով պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում։ Դրանից մեկ օր առաջ Գուտերիշը հանդես էր եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց բանավեճերում՝ նվիրված Մերձավոր Արեւելքի իրավիճակին, նա հայտարարել էր, որ միանշանակ դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հոկտեմբերի 7-ի հարձակումն Իսրայելի վրա, բայց կոչ էր արել հիշել, որ դա դատարկ տեղում չի տեղի ունեցել, եւ որ Պաղեստինի բնակիչները «56 տարի ապրել են խեղդիչ օկուպացիայի մեջ»։





























